Սիրիայում Ասադի իշխանության տապալումից և թուրքամետ զինված խմբավորումների սրընթաց հաղթանակից հետո կարելի է փաստել և կանխատեսել հետևյալը.
1. Սա Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման և վերափոխման փուլերից մեկն է, սակայն` ոչ վերջինը:
2. Սա համաշխարհային ու տարածաշրջանային իրողությունների և ուժերի հարաբերակցության փոփոխության ամրագրումն է գործնական հարթությունում և ռեալ քաղաքական գետնի վրա:
3. Սա Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռյակում կրկին Թուրքիայի ռեալ հաղթանակն ու ձեռքբերումն է` նաև ի հաշիվ մյուս երկուսի:
4. Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և, դրան հակառակ, Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը, որն ունի մոտ ապագայում է՛լ ավելի նվազելու ու զրոյանալու միտում:
5. Թուրքիայի հայտարարություններում ակնհայտ են հղումները պատմության տարբեր փուլերին և իրավիճակներին, որոնք հստակ քաղաքականության շնորհիվ ներկայումս դառնում են իրողություններ:
6. Ռուսաստանի և Իրանի հայտարարությունները, սպառնալիքները և իրական գործողություններն ու քայլերը հետզհետե էլ ավելի են հեռանում իրարից` վերածվելով ոչ ազդեցիկ ու հնաոճ հռետորաբանության, իսկ սպասվող «հիմնավորումները», թե Ասադի բանակը չկռվեց, ուստի իրենք չէի կարող ոչինչ անել, շատ նման են 44-օրյա պատերազմից հետո հնչող «Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղի անկախությունը, և մենք ոչինչ չէինք կարող անել» ձևակերպմանը:
7. Իրադարձությունները ցույց կտան՝ նոր Սիրիան կլինի Թուրքիայի ուղղակի և ուժեղ ազդեցության տակ երկի՞ր, թե՞ նրա որոշ տարածքներ «ժողովրդի կամարտահայտման միջոցով և ժողովրդի կամքով» դեյուրե կմիանան Թուրքիային՝ որպես նահանգներ:
8. Էրդողանը կերտեց իր ևս մեկ լրջագույն հաղթանակը, և դա նրան կապահովի նախագահի պաշտոնում կրկին ընտրվելու ռեալ շանս, եթե առողջական վիճակը և մարդու վերահսկողության տակ չգտնվող այլ հանգամանքներ չխոչընդոտեն դրան:
9. Էրդողանը նաև սրանով գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն, Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում:
Ռուբեն Մելքոնյան